Posted in Ընթերցանության նյութ

Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը` իր բոլոր գույներով

         Հայ Առաքելական 

եկեղեցու հինգ տաղավար տոներից ամենագունեղ ու, թերևս, ամենատարածված տոնը : Տոնին նախորդում է Մեծ` քառասունօրյա պահքը, որն սկսվում է բուն Բարեկենդանին ու լուծվում է Սուրբ Զատիկից մեկ օր առաջ` շաբաթ երեկոյան, ճրագալույցի պատարագից հետո:   

Զատիկը ստուգաբանվում է որպես անցում, զատում, բաժանում, հեռացում մեղքերից: Զատիկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը եւ ավարտվում երկուշաբթի: Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տեւած Մեծ Պասի շրջանը: Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց Տիրոջ Հարությունը ավետում ու միմյանց ողջունում  են  «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով, որին ի պատասխան հնչում է` «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը: Ժամերգություն է տեղի ունենում եւ Պատարագ մատուցվում  բուն զատկական Կիրակի օրը:

Տոնի Ժողովրդական ընկալումները

Հայոց մեջ Սուրբ Զատիկը մշտապես նշվել է մեծ ճոխությամբ. տոնական ուտեստներից մինչեւ հագուստ ու նվերներ: Տոնի պատրաստությունները սկսվել են շատ ավելի վաղ, քան շաբաթ երեկոն: Տատիկնները օրեր առաջ «ածիկ» են աճեցրել` տոնին ներկած ձվերը դրա մեջ դնելու նպատակով: Ածիկը ծլեցրած ցորենն է, որը  համարվում է մեռնող ու հառնող կյանքի խորհրդանիշ: Այսինքն` ցորենը ցանում ես` մեռնում է, հետո ծլում է ու միջուկից դուրս է գալիս կանաչը` խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը:

Ի հիշատակ դրախտի Կենաց Ծառի` Զատկի առթիվ ընդունված է եղել տներում նաեւ Կենաց ծառ (այսինքն` կյանքի ծառ) զարդարելը: Որեւէ կժի, կճուճի կամ ծաղկամանի մեջ չորացած  ճյուղեր են դրել երիտասարդները  եւ դրանց  վրա կախել են զանազան ձեւերով փնջած ասեղնագործ ձվիկներ:

Տոնական սեղանը

Զատկական սեղանը պատկերացնել առանց ներկած ձվերի, թերևս անհնար է: Ձուն օրինակն է ամբողջ աշխարհի. վերին կեղեւն օրինակն է երկնքի, թաղանթը` օդի, սպիտակուցը` ջրի, իսկ դեղնուցը` երկրի: Ձուն կարմիր ներկելով` հայտնում ենք, որ ամբողջ աշխարհը՝ Քրիստոսի արյամբ ներկվեց, եւ դրանով է քարոզում մեր փրկությունը: Ձուն երկու անգամ է ծնվում, առաջին անգամ` երբ հավն է ածում, իսկ երկրորդ անգամ` երբ ձվից ճուտ է դուրս գալիս: Մարդն էլ է երկու անգամ ծնվում. առաջին անգամ` մորից, իսկ երկրորդ անգամ` Մկրտության ավազանից: Ձու ներկելու ամենատարածված գույնը կարիմիրն է, բայց, ազգագրագետների վստահեցմամբ,  հնում հայերը ձվերը ներկել են «գարնան բոլոր գույներով»:

Զատկի տոնական սեղանին իրենց պատվավոր տեղն ունեն նաեւ բրնձով, չամիչով ու չրերով  փլավը,  ձուկը, գինին ու  կանաչեղենը:  Այդ ցանկում կարեւոր է նաեւ տոնական գաթան, որը խորհրդանշում է արևը:Չամիչով փլավի խորհուրդը ժողովրդի հավաքական կերպարն է, իսկ չիրն ու չամիչը` մեր հավատը: Մեկ այլ մեկնաբանության համաձայն, բրինձը մարդիկ են, չամիչը` ընտրյալները, այսինքն հավատացյալ մարդիկ:
Ձուկը (հունարեն`իխտյուս) թարգմանաբար նշանակում է Հիսուս Քրիստոս Աստծո Որդին,Փրկիչն աշխարհի:
Գինին խորհրդանշում է Հիսուսի արյունը, իսկ ձուն, որ այդ օրվա գլխավոր խորհրդանիշն է, մեր աշխարհի պատկերն է, որ ներկվեց նրա կարմիր արյամբ:

Խաղաշատ Զատիկ

Սուրբ Զատիկն անհնար է պատկերացնել առանց ձվախաղերի, որոնք տարբեր են եղել հայոց տարբեր գավառներում, բայց ընդհանուր առմամբ առանձնացվում են հետեւյալ` ամենատարածվածները.

  1. Խաղում են երկուսով: Որոշում են, թե ով է առաջինը խփելու, եւ որոշյալը խփում է խաղընկերոջ բռան մեջ գտնվող ձվի երեւացող սուր գագաթին: Եթե առաջին հարվածից ջարդվում է խփվող ձուն` խաղընկերն իրավունք ունի մրցելու նաեւ ձվի բութ գագաթով: Եթե ջարդվում է նաեւ երկրորդ գագաթը, ապա ջարդված ձուն տրվում է խփողին: Եթե խփողը ձուն ջարդում է, ապա նա ջարդված ձվի տիրոջից ստանում է մի ամբողջական, չխփված ձու: Եթե ջարդվում է  խփողի ձուն, ապա նա պարտված կողմն է եւ անիջապես խաղընկերոջն է հանձնում իր ջարդված ձուն կամ, ըստ պայմանավորվածության, մեկ ամբողջական չջարդած ձու:
  2. Մի քանի մարդկանցից բաղկացած խումբը միմյանց ետեւից գլորում են իրենց ձվերը թեքության վրա եւ ջանում, որ այն դիպչի իրենից առաջ գլորածներից որեւէ մեկի ձվին: Այդ դեպքում նա տիրանում էր մինչ այդ գլորված բոլոր ձվերին: Այս խաղը կարող են խաղալ նաեւ ջարդված ձվերով:
  3. Մի քանի հոգի միաժամանակ, նույն գծից թեքության վրա գլորում են իրենց ձվերը: Ում ձուն ամենից ավելի արագ եւ երկար է գնում` նա շահում է բոլոր գլորած ձվերը: Այս խաղը կարող են խաղալ նաեւ ջարդված ձվերով:
  4. Մի քանի  հոգի միաժամանակ, հրահանգով պտտեցնում են իրենց ձվերը: Ում ձուն ամենից ավելի երկար պտտվի, նա շահում է բոլոր պտվվող ձվերը:

Ժողովուրդն ասում է

-Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:

-Կարմիր ձուն Զատկին կսազե:

-Կարմիր ձու տուր, կամիր օր տամ:

-Զատիկն առանց ձվի չի լինի:

-Հենց սովածանան, Զատկի փլավը միտքը կբերեն:

-Պաս չբռնողը զատկի համը չի գիտենա:

-Աղտոտ մարդը զատկին էլ աղտոտ կլինի:

-Հավը կուտե հատիկ-հատիկ, ծող ձմեռնե կելնի զատիկ:

Զատկական խաղերգեր

Ծառ ծաղկեցավ

Զըմփիկ-զըմփիկ զարին ա  

Զարկ բոլոճիկ

Զատկին լավաշ թխեցինք

Posted in Ընթերցանության նյութ

Հովհաննես Թումանյան «Համբարձման առավոտ»

(հատված «Անուշ» պոեմից)

Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան
Զուգել են հանդեր նախշուն գորգերով:
Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան
Վիճակ հանելու աշխույժ երգերով:
-Համբարձում յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա,
Սև սարեր, յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա:

Երգ ու բույր խառնած,
Թև-թևի բըռնած
Զուգում են լեռներ,
Ծաղիկ են քաղում,
Ծաղկի հետ խաղում,
Ինչպես թիթեռներ:

-Համբարձում յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա,
Լավ օրեր, յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա:

Posted in Ընթերցանության նյութ

Վիլյամ Սարոյան․ Գրադարանում

(մաս երկրորդ)

Ի վերջո միսիս Գալահերը՝ ծեր գրադարանավարուհին, նկատեց երկու երեխաներին և մոտեցավ նրանց։ Նա խոսեց առանց շշնջալու, խոսեց բարձրաձայն, կարծես բոլորովին էլ հանրային գրադարանում չգտնվեր։ Այդ մեծապես զարմացրեց Լայոնելին և ստիպեց, որ ընթերցողներից մի քանիսը գլուխները բարձրացնեն գրքերից։

— Քեզ ի՞նչ է հարկավոր, տղա,— ասաց միսիս Գալահերը Լայոնելին։

— Գրքեր,— կամացուկ փսփսաց Լայոնելը։

— Ինչպիսի՞ գրքեր,— հարցրեց գրադարանավարուհին։

— Բոլորը,— ասաց Լայոնելը։

— Բոլո՞րը,— հարցրեց գրադարանավարուհին։— Ի՞նչ ես ուզում ասել։ Մի տոմսով միայն չորս գիրք կարելի է վերցնել։

— Ես ոչ մի գիրք էլ չեմ ուզում վերցնել,— ասաց Լայոնելը։

— Հապա ի՞նչ ես ուզում,— հարցրեց գրադարանավարուհին։

— Պարզապես դիտել եմ ուզում,— ասաց Լայոնելը։

— Դիտե՞լ,— ասաց գրադարանավարուհին։— Հանրային գրադարանը դիտելու համար չի ստեղծված։ Եթե կարդալ չգիտես, կարող ես դրանք թերթել, կարող ես նկարները նայել. բայց ինչո՞ւ ես ուզում միայն դրանց կազմերը տեսնել։

— Սիրում եմ,— շշնջաց Լայոնելը,— չի՞ կարելի։

— Ինչո՞ւ չէ,— ասաց գրադարանավարուհին,— դրա դեմ օրենք չկա,— կինը նայեց Յուլիսիսին։— Իսկ սա ո՞վ է,— հարցրեց նա։

— Սա Յուլիսիսն է,— ասաց Լայոնելը,— նա կարդալ չգիտի։

— Իսկ դու գիտե՞ս,— հարցրեց գրադարանավարուհին։

— Ոչ,— ասաց Լայոնելը,— բայց նա էլ չգիտի։ Դրա համար էլ մենք ընկերներ ենք։ Իմ ծանոթների մեջ նա միակն է, որ չի կարող կարդալ։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմի՛ր ծեր գրադարանավարուհու մասին:
  2. Քո կարծիքով գրքերն ինչի՞ համար են:
  3. Ի՞նչ ես կարծում կարդալ իմանալը կարևո՞ր է: Ինչո՞ւ է կարևոր:
  4. Թվարկի՛ր այն գրքերը, որոնք հասցրել ես կարդալ:
  5. Բլոգում հրապարակի՛ր կարդացածդ գրքերի ցանկը:

Ո՞ր երեք գրքերը կառաջարկես, որ ընկերներդ կարդան